ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԵՔԻԱԹԻ ՕՐԸ` ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԵՔԻԱԹԻ ՕՐԸ` ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
10.09.2010 | 00:00

Հինգերորդ տարին է, Դսեղը դիմավորում է տիկնիկային արվեստի մշակներին և սիրահարներին` «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով անցկացվող տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի շրջանակներում։ Կազմակերպիչն է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության» հայկական կենտրոնը` «Յունիմա-Հայաստանը», հիմնադիր հովանավորն ու գլխավոր աջակիցն է «Բաց հասարակության ինստիտուտի» Հայաստանի օժանդակության հիմնադրամը, գործընկեր-հովանավորներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, մի շարք ընկերություններ և «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամը։
Դսեղի կենտրոնում, Թումանյանի արձանի առջև հարյուրավոր հանդիսատեսներ էին հավաքվել, հիմնականում, իհարկե, մանուկներ։
Փառատոնը, մեկնարկելով գյուղի հրապարակում, շարունակվեց տուն-թանգարանի առջև։ Այստեղ հեքիաթի կերպարները զվարճացնում էին այցելուներին բավականին յուրօրինակ կերպով` թատրոն էր ցցերի վրա։
Գյուղի ակումբում Չեխիայից ժամանած թատերախումբը ներկայացրեց «Երեք խոզուկները»... չեխերեն, անսպասելի լուծումներով, թարմ և ուշագրավ մտահղացումներով։ ՈՒ չնայած տոթ էր դահլիճում, հանդիսատեսը «հասկանում» էր չեխերեն և բուռն ծափահարություններով վարձատրեց երեք արտիստից բաղկացած թատերախմբին, ովքեր, ի դեպ, գործողությունների անմիջական մասնակիցն էին, վարագույրն այստեղ բացակայում էր։
Հունգարացի ռեժիսոր Ֆորմանն ընդամենը երկու փորձով հայ դերասանների մասնակցությամբ ներկայացրեց «Երկրի արարումը» թատերապատումը։ Այնուհետև շվեյցարացի նշանավոր օդագնաց Պիտեր Բլաստերի օդապարիկը երկինք բարձրացավ, որի վրա ծածանվում էր եռագույնը։ Երեկոյան էլ տրվեց շքեղ հրավառություն։
Փառատոնն ավարտվելու է սեպտեմբերի 11-ին։ Մինչ այդ վերոնշյալ ակումբում, որ Դսեղի մշակույթի տունն է, և գյուղապետարանի դահլիճում իրար կհաջորդեն ներկայացումները, կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կգործի տիկնիկների ցուցահանդեսը, կկազմակերպվեն շրջագայություններ և այլն։
Այս տարի թատերախմբեր և տիկնիկային արվեստի գործիչներ են ժամանել Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Բելգիայից, Վրաստանից, Բելառուսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Շվեյցարիայից և Չեխիայից։ Իսկ այժմ ընթերցողին ներկայացնենք մեր փոքրիկ հարցազրույցը այս ամենի «գլխավոր մեղավոր», «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության» հայկական կենտրոնի նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ։
-Փառատոնի կազմակերպման մտահղացումը վաղո՞ւց էիք փայփայում, ի՞նչը նպաստեց կազմակերպմանը։
-«Բաց հասարակության ինստիտուտը» դրամաշնորհ հայտարարեց, մենք դիմեցինք և շահեցինք։ Այն Հայաստանի մարզերի մշակութային կյանքի աշխուժացման ծրագիր է։ Մեկնարկից առաջ միացան մշակույթի նախարարությունը, «Զիգզագ», «Գրանդ քենդի» ընկերությունները, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամը։ Գործին բավականին աջակցեց տիկին Բելա Քոչարյանը, և նորաստեղծ փառատոնը թև առավ։ Նախորդ տարի «ՎիվաՍել»-ը միացավ փառատոնի աջակից կազմակերպություններին, նաև «Ավստրիական ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունները, «Յունիպլաստը», Լոռու մարզպետարանը։
-Նպատակային հովանավորներ գտնելը մեր իրականությունում այնքան էլ դյուրին գործ չէ։
-Գիտեք, աշխարհում է, առհասարակ, այդպես։ Ասեմ ավելին, առավել հարուստ և քաղաքակիրթ երկրներում իմ գործընկերները շատ ավելի մեծ դժվարությունների են հանդիպում։ Եվ փառք Աստծո, որ Հայաստանում սերը հանդեպ մանուկներն ու Թումանյանը համընդգրկուն է։ Ապագայում ակնկալելի է նրանց է՛լ ավելի աշխույժ մասնակցությունը և փառատոնի ընդարձակումը։
-Հայաստանի թատերախմբերը ներկայացրեք, խնդրեմ։
-Մասնակցում են թատրոններ և թատերական գործիչներ Շուշիից, Էջմիածնից, Վանաձորից, Իջևանից, Գյումրիից և Երևանից։
-Պարոն Սաֆարյան, բազմաթիվ մարդիկ արտերկրներից օրեր շարունակ այստեղ են, և նկատեցի, որ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։
-Նրանց ժամանակավորապես բնակեցնում ենք գյուղաբնակների տներում, նրանք անմիջական կապի մեջ են և՛ Թումանյանի հայրենի գյուղի մարդկանց, և՛ այս չքնաղ բնաշխարհի հետ։ Միաժամանակ աջակցում ենք գյուղացիներին` որոշակի հարմարություններ ստեղծելով նրանց կեցության վայրերում։ Հետաքրքիր է, որ արտասահմանցի մասնակիցները դառնում են փառատոնի յուրօրինակ դեսպանները` հաջորդ տարի հրավիրելով նոր խմբեր և գործիչների։
-Թումանյանը, այսպիսով, կարծես թե ավելի հասանելի է դառնում աշխարհին։
-Այո, իհարկե։ Ճանաչելով նրան` նրա աշխարհը ներառում են իրենց արվեստում։ Այսպես, 2011-ին հունգարացիները փառատոնում ներկայացնելու են Թումանյանի «Սասունցի Դավիթը»։ Եվս մեկ կարևոր հանգամանք։ Այս տարի երեք ներկայացման բեմել է Դսեղում։
Իհարկե, «Թումանյանական հեքիաթի օրը» չի սահմանափակվում Թումանյանով, նրա հայրենիք են «այցելում» իրենց ստեղծագործություններով Պուշկինը, Անդերսենը, Գրիմ եղբայրները... Սա հեքիաթագիրների տոնահանդես է։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ